ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 19-րդ ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 19-րդ- Western Diocese of the Armenian Church

Contact Us: 818-558-7474

NEXT EVENT
27 July 2025

St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more

DEMIRGIAN SCHOLARSHIP.

ՀԱՅՑ․ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։ ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ  Մաս 19-րդ
Published - 18 July 2025

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է «ԱՆԿԱԽ» ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տարաբնույթ եւ աննախադեպ։ Շարունակելով Սբ․ Գրքի թեման, տեղին եմ համարում մանրամասնորեն անդրադառնալ Աստվածաշնչի հանդեպ որդեգրած «անկախ» (Independent/Non-Denominational) եկեղեցիների Սբ․ Գրքի վերաբերյալ ունեցած կարծիքին։

Այսպես, ապրելով ԱՄՆ-ում շատ անգամ հանդիպում ենք «Աստվածաշնչի վրա հիմնված» (Bible Based) կամ Աստվածաշունչը միակ հիմք համարող (Fundamental Bible Church), եկեղեցիների, որոնց հիմնական կարգախոսը «Միայն Աստվածաշունչ» (Sola Scriptura – Scripture Alone) արտահայտությունն է։ Ներկայում այս արտահայտու-թյունը քիչ գործածական է, սակայն այն ընկած է գրեթե բոլոր Բողոքական ուղղությունների ուսմունքի հիմքում։ «Միայն  Աստվածաշունչ» կարգախոսը համարվում է բողոքականյան հինգ հանրահայտ «միայններից» առաջինը (1 Միայն աստվածաշունչ,   2 Միայն շնորհ 3 Միայն հավատ, 4 Միայն Քրիստոս, 5 Միայն Աստծուն փառք)։

Ի՞ՆՉՆ Է «ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ» ԿԱՐԳԱԽՈՍԻ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ

Բողոքական աստվածաբանության այսպես կոչված ծայրահեղ թեւի մեկնաբանությունը։

Նախ եւ առաջ նշեմ, որ վերոհիշյալ արտահայտությունը Քրիստոսի ընդհանրական եկեղեցու մեջ չի եղել ի սկզբանե եւ իր բնույթով հակասում է ընդհանրական քրիստոնեական եկեղեցու հազարամյա ճշմարիտ վարդապետությանը։

Կարեւոր է նաեւ նշել, որ որքանով որ տեղյակ եմ բողոքական աստվածաբանական մտքի հիմնադիրներն՝ ինչպիսիք են Մարտին Լյութերը (1483-1546), Ջոն Կալվինը (1509-1564), Ուլրիխ Ցվինգլին (1483-1531) եւ ուրիշներ չեն օգտագործել այս բառակապակցությունը։ Նրանք Սբ․ Գիրքն ընդունում էին իբրեւ ուսմունքի համար բարձրագույն հեղինակություն, բայց ոչ իբրեւ միակ հեղինակություն։

Այսպես՝ իր հանրահայտ 95 դրույթներում (1517թ․) Մարտին Լյութերը շեշտում է Եկեղեցական իշխանության կարեւորությունն ու անհրաժեշտությունը, իսկ 62-րդ դրույթում ասում է՝ «Եկեղեցու իրական գանձը ամենասուրբ Ավետարանն է, որն Աստծո փառքն ու շնորհն է»։ Այս դրույթը հստակ խոսում է այն մասին, որ Լյութերի համար Եկեղեցին առաջնային էր եւ Ավետարանն էր Եկեղեցու գանձը, ոչ թե Եկեղեցին՝ Ավետարանի, ինչպես այսօր կարծում են բազում բողոքական աստվածաբաններ։

Բողոքական աստվածաբանության հիմնադիրները նպատակ չունեին ամբողջությամբ մերժել Եկեղեցու կարեւորությունը այլ՝ «Աստվածաշնչին համահունչ բարեփոխումներ կատարել» (Ջոն Կալվին)։ Խոսքը նախ եւ առաջ այսպես կոչված “Թողության գրին” (Indulgence) եւ պապական իշխանության խնդիրներին էր վերաբերում, որոնք ի դեպ ոչ մի առնչություն չունեն Հայց․Առաքելական Եկեղեցու հետ։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ՄԻԱՅՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ» ԿԱՐԳԱԽՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ

Կարծվում է, որ այս մտայնությունը սկսեց ձեւավորվել Բողոքական եկեղեցու ծայրահեղական հայացքների տեր (radical) Կոնրադ Գրեբելի (1498-1526) Սեբաստիան Ֆրանկի (1499-1542) իսկ հետագայում Վիլիամ Չիլիգվորթի(1602-1644)  կողմից։

Գրեբելը իր ծայրահեղական մտքերի պատճառով 1520-ականներից բաժանվեց  Ցվինգլիից, ով իր ուսուցիչն էր եւ պայքարի մեջ մտավ նրա հետ։ Այս պայքարի շրջանակներում 1525 հունվարի 17-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Ցվինգլիի եւ Գրեբելի միջեւ տեղի ունեցավ մանկամկրտության վերաբերյալ հանրահայտ բանավեճ, (Ցվինգլին կողմնակից էր պահել մանկամկրտության հազարամյա ավանդույթը իսկ Գրեբելը պահանջում էր այն վերացնել եկեղեցուց), որի արդյունքում Գրեբելը պարտվող ճանաչվեց եւ քաղաքային խորհուրդը նրան արգելեց հասարակության մեջ քարոզել իր գաղափարները։ Նա շուրջ 15 համախոհներով հեռացավ եւ ստեղծեց  Բողոքական եկեղեցու առաջին բաժանումներից (schism) մեկը։ Գրեբելը համարվում է առաջին մարդը ով՝ չընդունելով մանկամկրտությունը, սկսեց մեծահասակներին վերստին մկրտել։

Նմանատիպ անձանց մտքերը հետագայում խրախուսվեցին եւ զարգացվեցին ուրիշ ծայրահեղականների կողմից։ Նրանցից էր անգլիացի Վիլիամ Չիլիգվորթը, (1602-1644) ում պնդմամբ՝ «Աստվածաշունչն է միայն Բողոքականների կրոնը»։

Ահա նման անձանց գաղափարները հետագայում տարածվեցին եւ հիմք հանդիսացան հազարավոր նորահայտ քրիստոնեական հարանվանությունների ուսմունքի առանցքը։

Print